ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԺԱՄԱՆԱԿԸ
ՈՒշադրություն դարձրե՞լ եք. հաջողված գործարարի կամ չինովնիկի հոբելյանը նշվում է հիմնականում նեղ շրջանակներում, նույնիսկ անվտանգության որոշակի միջոցներ ձեռնարկելով, իսկ մտավորականի, արվեստագետի հոբելյանը` ազգովի: Մի էական տարբերություն ևս. առաջին դեպքում փորձում են հիմնականում հաճոյանալ անձին և ինչ-ինչ ծառայություններով աչքի ընկնել, իսկ երկրորդ դեպքում ճշմարիտ մտավորականն է, որ ծառայում է մարդկանց և մնում անկաշառ ու հավատարիմ իր դավանած արժեքներին: ՈՒ եթե նկարիչն ինքնաճանաչման փորձ է կատարում ինքնադիմանկարի միջոցով, ապա բանաստեղծն այդ դժվար գործը թողնում է մեզ: Եվ մաս առ մաս փորձում ենք ներթափանցել նրա աշխարհը՝ ինքնադիմանկարը վերարտադրելու ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքերով.
Քանդված պատից քարն ու կիրն է մնալու,
Մեր թոռներին այս երկիրն է մնալու,
Պարգև, կոչում մոռացվելու են մի օր,
Հանճարների խոսքն ու գիրն է մնալու:
Իր հերթին ժողովուրդն էլ իրականում գնահատում է մնայուն արժեքը` հոգևորը, և շարունակում իմաստասիրության դարավոր ճամփան: Ուստի մեծարվում են ոչ թե նյութականը կամ իշխանությունն ու փառամոլությունը, այլ խոսքը, որի արժեքը միշտ եղել է ավելին, և խոսքի վարպետը, որը հոգու տոն է պարգևում ամեն անգամ, երբ առիթ ես ունենում հաղորդակցվելու բարձր արվեստին: Իսկ հոբելյանները, ինչպես հայտնի է, նշվում են հազվադեպ, ուստի միշտ էլ արվեստասերները պարտքի զգացողությամբ են տոնում հատկապես բանաստեղծի հոբելյանը: Եվ բանաստեղծի հոբելյանն իրականում վերածվում է հոգևոր տոնի: Հոգևոր տոն է հատկապես ինձ համար, քանի որ երբևէ չէի էլ կարող մտածել, թե գալու է մի օր, որ մեծարանքի խոսք պետք է ասեմ ուսուցչիս, որի ծննդյան 70-ամյակը նշում է արվեստասեր հասարակությունը: Խոսքի ուսուցչիս, որն իմ մեջ սերմանել է ոչ միայն բանաստեղծական արվեստի հանդեպ խոր ակնածանք, այլև ձգտում` ճգնելու և գտնելու ճիշտ բառը` հայերենով արտահայտելու այն միտքը, որը հետո պետք է դառնա այլոց սեփականությունը: Աստվածաշունչն ասում է. «Քանի դեռ խոսքը բերանից դուրս չի եկել, դու ես նրա տերը, իսկ այն պահից ի վեր, ինչ այն դուրս է գալիս քո բերանից, ինքն է դառնում քո տերը»: Եվ կարիք չկա անգամ հիշեցնելու, թե քանիսն են այսօր փորձում նախ մտածված խոսք ասել, իսկ հետո` տեր կանգնել իրենց խոսքին:
Լիպարիտ Սարգսյանի խոսքն այնքան խորունկ է, այնքան վճիտ ու վարակիչ` իր ուժով ու լավատեսությամբ, միաժամանակ այնքան հղկված, որ ակամայից դրոշմվում է հոգուդ մեջ և դառնում իմաստություն, որի արժեքն ամեն անգամ մտաբերելիս ավելի է մեծանում, ու ցանկություն է առաջանում այն փոխանցել բոլորին.
Պատդ փլել չեն կարող,
Ճամփադ ծռել չեն կարող,
Ինչ որ Տերն է պարգևել,
Քեզնից խլել չեն կարող…
Այո, պարտական եմ իմ ուսուցչին խոսքի արվեստն ուսուցանելու համար, թեև այդ արվեստը յուրացնել դժվար թե հնարավոր լինի ամբողջությամբ: Այն ոչ միայն անսահման է, այլև անվերծանելի ու շարունակ զարգացող: Պարտական եմ, որ ամեն անգամ, հրապարակային ելույթների ժամանակ, թե համալսարանական լսարանում կամ մտերիմների հետ զրույցում, հիշելով Լիպարիտ Սարգսյանի պատգամը, աշխատում եմ խնամքով ընտրել ճիշտ բառը, որ կարտացոլի մտահոգությունս և չի վերածի այն ծեծված ու ոչինչ չասող բառակապակցությունների: Պարտական եմ նաև նրանով, որ ինչպես և ծնողներս, Լիպարիտ Սարգսյանն առանձնանում է մեր իրականության մեջ ունևորների, հարուստների դասին իր պատկանելությամբ` հոգևոր արժեքների ու դավանանքի հարստության: Այն անձն է, որը հավատով է տալիս խոսքն իր ժողովրդին: Եվ որ ինձ համար ավելի հոգեհարազատ է` տալով է հարստանում և ոչ վերցնելով.
Դառնության մեջ, ցավերի մեջ, թե հույսի
Քո գործն արա, հատուցման մի՛ սպասիր,
Արարողը դրա համար երկնեց քեզ.
Բանաստեղծը Մարգարեն է Անհասի…
Մարդը, իրոք, տալով է հարստանում և ոչ վերցնելով: Հենց դրա համար եմ մեծարում իմ ուսուցչին, խոնարհվում նրա վաստակի առջև և աղոթք ուղղում առ Աստված` արևշատության և նոր հոգևոր գանձերի արարման:
Ավարտեմ խոսքս Ամենայն հայոց բանաստեղծուհու խոսքերով՝ ուղղված հայ բանաստեղծի կոչմանը, որն ամբողջովին համապատասխանում է Լիպարիտ Սարգսյանին.
Սեղմիր ատամդ, դու ամենքի մոտ
Բացեբաց լալու իրավունք չունես,
Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ,
Զենքերդ տալու իրավունք չունես:
Դո՛ւ, հայ բանաստեղծ, ինչ էլ որ լինի,
Վերջին զինվորդ էլ ընկնի կռվում,
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես…
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ